ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 19.10.2017, 10:06


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԽՈՐՀՈՒՐԴ ԱՐԱՐՄԱՆ

           Արն էր ի սկզբանե, և Արա˜ն էր Արարիչ: Արարիչը անսկիզբ է ու բացարձակ: ԵՎ անսկիզբ ժամանակում է Նա Աշխարհն արարել: ՈՒստի Աշխարհն էլ անսկիզբ է ու բացարձակ:

            Արարիչը մեկն է, իսկ Աստվածները՝ շատ: ԵՎ բազմաստված է Աշխարհը արար:

            Ամեն մի Աստված՝ Արայի Որդի, ամեն մի Աստված՝ Լուսեղեն Ոգի, ամեն մի Աստված՝ Եթերային ՈՒժ, ամեն մի Աստված՝ Անմահ Զորություն: ԵՎ այդ Աստվածներն են Արայի կամքը հաստատում ամբողջ Աշխարհում, կառավարում ամեն մի շարժում, հարաբերություն, միտք, սեր, զգացողություն:

        ԵՎ Անահիտն է Աստվածների Մայր: Մայր՝ արարման խորհուրդ անձկալի, պտղաբերումի մի ամբողջ աշխարհ, գութի խնկարկում, հույսի պատարագ, սիրո մեղեդի, կարոտի խորան, երջանկության բույր: ԵՎ Անահիտն է զավակներ ծնում Արայի համար՝ անմահ Աստվածներ և իր մայրական ջերմությամբ սնում, գուրգուրում նրանց:

            Բացարձակ է Արարիչը, և կատարյալ են Զավակները Նրա: Կատարյալ է և Վահագնը: Բայց անհանգիստ կատարելություն է նա՝ հրե պատանի, ամենաահեղ որդին Արայի, ամենազորեղ Աստվածն Աշխարհի:

            Վահագն՝ անհուն Տիեզերքի մեջ՝ Տիեզերական ՈՒժ, Արևների մեջ՝ Հուր Արևակեզ, Լուսաստղերի մեջ՝ Լույսի Կենսաղբյուր, Ոգիների մեջ՝ Ոգու Վեհություն, Աստվածների մեջ՝ Զորության Աստված:

            ԵՎ ծնունդը նրա տիեզերական հույժ ցնցումով օծվեց: ԵՎ ցնծում էին Աստվածները ի տես Վահագնի: Աստղիկը սիրո համբույրով կնքեց ճակատը նրա և աստղերից հյուսած Խաչ-Պատերազմին կապեց նրա բազկին, որ անպարտելի լինի ՈՒժը Վահագնի: Ճարտարագետ Տիրը արարումի խորհուրդը բացեց Վահագնի առաջ, որ արարումին պահապան լինի: Իսկ լուսաշող Միհրը Վահագնին տվեց հազար ու մեկ արեգներից կռած գուրզը մարտական:

            Վահագնը շատ էր սիրում գուրզախաղ: ԵՎ ոչ մի Աստված չէր կարող մրցել նրա հետ գուրզախաղի մեջ: Վահագնը նետում էր իր գուրզը և ապա հեռավոր մոլորակների վրա էր գտնում այն:

            ԵՎ մի անգամ, երբ գուրզը նետեց, սովորականի նման գնաց որոնելու: Շատ մոլորակներ անցավ Վահագնը և հասավ Երկիր մոլորակ: ԵՎ այնտեղ գտավ իր գուրզը: Գուրզը պառկած էր Երկրի վրա, կիսով չափ խրված հողի մեջ: ԵՎ հենց Վահագնի աչքի առաջ գուրզը մեծացավ, ընդարձակվեց և ձուլվեց Երկրին, մի բարձրադիր ու հսկայական տարածք ընդգրկեց: Ապա ծածկվեց խիտ կանաչով, որի միջից գուրզի ատամները որպես լերկ ժայռեր, դեպի երկինք ցցված, շողշողում էին ամենաբազմազան գույներով: Շատ գեղեցիկ էր տեսարանը: ԵՎ Վահագնը, հիացած այդ գեղեցկությամբ, երկար ժամանակ աչք չէր կտրում նրանից: Ապա դիմեց Երկրին.

            - Սա քո զորությունը չէր, որ ամենազոր Աստծո գուրզը քո կրծքին որպես զարդ պահեցիր:

            ԵՎ պատասխանեց Երկիրը.

            - Ո˜վ, Ամենազոր Վահա՛գն, գերագույն ես դու, և քեզանից վեր միայն Արա˜ն է՝ Արարիչը քո և իմ: Արայի կամքով այս գուրզը եկավ ու մխրճվեց իմ կրծքի մեջ, որպեսզի հազար ու մեկ արեգների զորության ուժով ես սնվեմ ու աստվածային բարիքներ ծնեմ: ԵՎ Անմահ Աստվածներն այստեղ աստվածային բարիքը վայելեն ու զվարճանան:

            Վահագնը հավանեց Երկրի խոսքը և կանչեց բոլոր Աստվածներին: Աստվածները զարմացած էին:

            - Այս ի՞նչ նախանշան է,- դիմեցին նրանք իմաստուն Տիրին,- միայն դու կարող ես հասկանալ դա:

            ԵՎ խորաթափանց Տիրը ասաց.

            - Արայի կամքով է կատարվել այս բոլորը: Հայր Արա˜ն մի նոր Աստված է արարելու: ԵՎ Մայր Անահիտը այդ Աստծուն ծնելու է հենց այստեղ՝ Երկրի վրա: ԵՎ Երկրային Հայգն է լինելու նա՝ առաջին Երկրային Աստվածը: ԵՎ սա լինելու է Երկրային Աստծո  արարման Օրոցքը՝ Արարատը:                      

            ԵՎ Աստվածները որոշեցին զարդարել այդ Օրոցքը, որ այն ունենա աստվածավայել ճոխություն:           

            Տիրը իր ճարտար մատներով լեռնաշղթաներ քանդակեց Օրոցքի հյուսիսային ու հարավային եզրերին, որ տափաստաններից փչող քամիներից պաշտպանվի նորածին Աստվածը: 

            Ջրերի թագուհի Ծովինարը Օրոցքի արևելյան և արևմտյան սահմաններում ծովեր տեղադրեց, ապա Օրոցքը զարդարեց լճերով ու գետերով: 

            Վահագնը երկնքում, ուղիղ Օրոցքի վրա, Արև վառեց, որ միշտ լույս ու ջերմություն լինի այնտեղ: Սիրավառ Աստղիկը բազմագույն և բազմաբույր ծաղիկներ ու վարդեր շաղ տվեց,  օդը լցրեց բազմազան թռչուններով ու թիթեռներով և տարբեր կենդանիներ տարածեց Օրոցքում, որ նորածին Հայգը աստվածավայել ապրի իր Արարատում:

            Իսկ Արտի Աստված Միհրը աստվածային այգի տնկեց, զարդարված բազմագույն և բազմահամ հրաշք պտուղներով, որ երկրային աստված Արին ու նրա ժառանգները սնվեն դրանցով: Քանզի աստվածներն ու աստվածամարդիկ պիտի աստվածային սնունդով սնվեն:

            Կերտեցին Աստվածները Երկրային Աստծո Օրոցքը, և իրենք էլ հիացան դրանով: Այնքան հրաշալի ու գեղեցիկ էր Արարատը, որ նույնիսկ հենց Ինքը՝ Արա˜ն և Մայր Անահիտը անտարբեր չմնացին ու երբեմն իրենք էլ էին իջնում այստեղ զբոսնելու:

 

            Աստվածները հաճախ գալիս էին Երկիր: Նրանք բարձրանում էին երկգագաթ Մասիս սարը, որտեղից երևում էր ամբողջ Արարատը և զվարճանում էին այնտեղ: Իսկ ճարտարագետ Տիրը Արագած լեռան գագաթին մի ճոխ գահ պատրաստեց չորս հենարանների վրա, ուր երբեմն հանգչում էր Հայր Արա˜ն: Աստվածները խմբով գալիս էին նրա մոտ, հայրական օրհնանքը ստանում և նորից թռչում էին Մասիս սար, իրենց խրախճանքը  շարունակելու:

 

Կարգավիճակ: ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (21.08.2012)
Դիտումներ: 309 | Տեգեր: ՈՒԽՏԱԳԻՐՔ, Արարատյան դիցաբանություն
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz