ԱՐԵԳԱԿԻ (Կիրակի), 17.12.2017, 10:56


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ

            Աստվածներն էին կառավարում Տիեզերքը: Ամեն մեկը իր գործն էր անում: Ապա հավաքվում էին Երկրի Արարատում զվարճանալու և վայելելու աստվածային բարիքները, համեմված խաղողի գինիով: ԵՎ այդ խնջույքներին մասնակցում էր նաև նրանց երկրային եղբայրը՝ Հայգ Արին:

            Կայտառ էր Արին և ուրախ: Նա սիրում էր Աստվածներին: Աստվածներն էլ նրան էին սիրում: Բայց զվարճալի էին Աստվածները, երբ հարբած էին:  ԵՎ պատանի Արին որոշեց զվարճալի խաղ խաղալ:  Նա Արևի ճառագայթները գցեց Աստվածների աչքերին:  Հարբած Աստվածները փորձում էին պաշտպանվել այդ ճառագայթներից, իսկ Արին ուրախ ծիծաղում էր:  Ապա Աստվածները սթափվեցին հարբումից և իրենք էլ միացան չարաճճի Արիի խաղին:

            Միայն Վիշապը սրտնեղեց:  Զորավոր Աստված էր նա, բայց տկար էր աչքերից:  Նա խիստ զայրացավ Արևի վրա, բայց առավել՝ Արիի վրա, որ հանդգնում էր ծիծաղել Անմահ Աստվածների վրա:  Չէ՞ որ Աստվածներն էին վառում Արևի ջահը, իսկ Արին ինքն էր սնվում այդ Արևից:

            Շատ էր հարբած Վիշապը, մթագնել էր նրա բանականությունը, և միայն կիրքն ու ցասումն էին իշխում այդ զորավոր Աստծուն:  Նա կատաղորեն հարձակվեց Արիի վրա՝ պատրաստ հոշոտելու նրան:  Զարմացավ Արին, թե իր անմեղ կատակը ինչու է զայրացրել Վիշապին:  Բայց տեսնելով, որ Վիշապը իրոք հոշոտելու է իրեն, Արին իր ամբողջ ուժերը լարեց՝ պաշտպանվելու:

            Հարձակվում էր Վիշապը, ֆշշացնելով ու իր երախից թույն ցայտելով:  ԵՎ պաշտպանվում էր Արին իր զորավոր բազուկների ամբողջ ուժով: Չէ՞ որ նա էլ էր Աստված, թեև՝ Երկրային: Կռվում էին Անմահ Աստվածը և Երկրային Աստվածը: Զորավոր էր Վիշապը և իր չարության մեջ անխնա կոտրատում էր Արարատի ծառերը, տրորում կենդանիներին, ոչնչացնում թռչուններին:

            Արտավազդ Միհրը միջամտեց, փորձելով դադարեցնել կռիվը և հաշտեցնել նրանց: Բայց Վիշապը իր զորության ուժով մի կողմ հրեց նրան: Մյուս Աստվածների միջամտությունն էլ ոչինչ չտվեց: Վիշապը հաղթում էր Արիին: Չէ՞ որ Վիշապը  Անմահ Աստված էր, իսկ Արին թեև Աստված էր, բայց մահկանացու էր և իր զորությամբ զիջում էր Վիշապին:

            ԵՎ Արտավազդ Միհրը հասկացավ, որ իր արդարադատությունը միայն Վահագնի զորությամբ կհաստատվի:

            Այդ ժամանակ Վահագնը տիեզերական այգեստաններում զբոսնում էր չքնաղ Աստղիկի հետ: Երանության մեջ էր Վահագնը և անտեղյակ էր Երկրի վրա կատարվող աղետին:

            Միհրը գտավ Վահագնին ու դիմեց նրան.

            - Ո˜վ, Վահա՛գն, Վիշապը ավերում է Արարատը և կործանում է մեր  եղբայր Արիին, հասի՛ր օգնության:

            Սթափվեց Վահագնը իր երանությունից և անմիջապես թռավ եկավ Երկիր: Նա կանգնեց կատաղած Վիշապի դիմաց:

            - Կա՛նգ առ, ո˜վ, Վիշա՛պ,- դիմեց Վահագնը,- սթափվի՛ր և զսպի՛ր քո չարությունը: Դու անգթորեն հարվածում ես քո եղբորը և ավերով պղծում ես Արարատը:

            Վիշապը ֆշշաց ցասումով.

            - Ես ատում եմ այս երկրային աստծուն, որ Անմահ Աստվածների պես կատարյալ չէ, բայց Անմահ Աստվածների հետ սեղան է նստում: Անկատարը կատարյալին եղբայր չի լինի, և ես պիտի կործանեմ նրան:

            Բարկացավ Վահագնը Վիշապի խոսքերից.

            - Արին իմ եղբայրն է, և նա կատարյալ է որպես երկրային Հայգ: ԵՎ Հայր Արայի կամքով ես պիտի պաշտպանեմ նրան:

            ԵՎ երկու Աստվածներ բախվեցին իրար: Հենց Արարատում ահավոր մի Մեծամարտ էր Վահագնի ու Վիշապի միջև: Նրանց կռիվը ցնցում էր ամբողջ Երկիրը և արձագանք էր տալիս տիեզերական անհունության մեջ: Երկար էին կռվում նրանք: Աստվածները զարհուրած հետևում էին այդ Մեծամարտին: Միայն Հայր Արան հանգիստ դիտում էր վերից և իր մտքում իր որոշումն էր հյուսում:

            Երկար կռվելուց հետո Վիշապն ընկրկեց: Վահագնը հաղթական էր: Բայց Արան սաստեց կռվող Աստվածներին, իր մոտ կանչեց նրանց և ասաց.

            - Դուք երկուսդ այլևս իրար չպետք է հանդիպեք, թե չէ ձեր մեջ կռիվը անվերջ կլինի:

            ԵՎ Արան Վահագնին կարգեց Լույսի տիրակալ, իսկ Վիշապին՝ Խավարի տիրակալ, ԵՎ Վիշապը այլևս Արարատ չէր իջնում, քանզի այնտեղ Վահագն էր և Լույս: ԵՎ Վիշապը ատեց Վահագնին, ատեց արևին ու Արիին: Նա երբեմն երկնքից իջնում էր Երկիր, թաքնվում էր տափաստանի ավազների մեջ և չարությամբ ֆշշացնում էր Արարատի կողմը:

Կարգավիճակ: ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 190
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz