ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 19.10.2017, 10:06


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼԻԼԻԹԸ

            Հասունացել էր Արին: Առողջ, ուժեղ և կենսասեր պատանի էր դարձել: Բայց ինչ-որ մի կարոտ ալեկոծում էր նրա հոգին: ԵՎ թախծում էր Արին: Արիի թախիծը չվրիպեց Մայր Անահիտի ուշադրությունից, և նա դիմեց Հայր Արային:

            - Ո˜վ, Մեծդ Արարի՛չ, քո Արի որդին հասուն է արդեն սիրելու համար:

            Արարիչը բռնեց Երկրից դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից կերտեց Լիլիթին:

            Զվարթ էր Լիլիթը և կյանքով լի: Նա թեթևասահ ճեմում էր Արարատի ծաղկազարդ հովիտներում, սառնորակ առվակներից ջուր էր խմում, արձագանքում էր սոխակների հմայող դայլայլին: Գեղեցիկ էր Լիլիթը, և գեղեցիկ էր ամեն ինչ նրա շուրջը: ԵՎ նա ուրախ էր, որ ապրում էր, քայլում էր, որ շրջապատված էր այս հրաշալիքներով: ԵՎ նա զգում էր իրեն էլ մի  հրաշալիք այդ հրաշալիքների մեջ:

            Լիլիթը սառնորակ աղբյուրի մոտ նստած` ականջը դրած նրա բյուրեղյա նվագին` նայում էր Արարատի աստղազարդ երկնքին: ԵՎ աստղերի հրաբորբ ողկույզները արբեցնում էին նրա սիրտը մի խորհրդավոր տենչով: ԵՎ Լիլիթը, աստղերով արբած, քուն մտավ ծաղիկների մեջ և զարթնեց սոխակների սիրահույզ դայլայլներից:

            Ցնորագեղ շնորհներով ծագեց արշալույսը և ծավալվեց Արարատի վրա: Լիլիթը բացեց աչքերը և իր գլխավերևում մի հրաշալի կերպարանք տեսավ: Դա պատանի Արին էր, որ ամբողջ գիշեր զմայլված կանգնած էր Լիլիթի մոտ և հիանում էր նրա գեղեցկությամբ: Գիշերվա մութին Լիլիթի դեմքը ճառագում էր կրակի պես և լուսավորում շրջապատը: ԵՎ հրե Լիլիթը հուր բոցավառեց Արի աստծո պատանի հոգու մեջ:

            Ոտքի կանգնեց Լիլիթը ու հիացած դիտեց Արիին: Արիի արևշող դեմքը, բոցե աչքերը գերեցին Լիլիթին: Նա ժպտաց, և նրա ժպիտից շրջակա բոլոր ծաղիկները պայծառացան:

            - Դու Լիլիթն ես, ո˜վ, չքնաղ գեղուհի՛, - հուզումնալից ձայնով ասաց Արին:

            - Այո, - քնքշորեն ասաց Լիլիթը,- բայց դու ո՞րտեղից գիտես ինձ:

            - Ես Արին եմ` Արայի որդին  և երկրային աստվածը: ԵՎ քեզ Հայր Արան կերտել է ինձ համար:

            Երջանիկ էր Արին, երջանիկ էր և Լիլիթը: Ձեռք ձեռքի տված, պատանի սիրահարները երանությամբ  ճեմում էին Արարատի գեղասքանչ բնության մեջ: Ամենուր գեղեցկություն էր: ԵՎ Լիլիթը բերկրության մեջ էր, հատկապես, որ իր ափի վրա զգում էր Արիի այնքան հարազատ ու ջերմ ձեռքի սեղմումը:

            - Ի˜նչ գեղեցիկ է ամեն ինչ Արարատում,- հաճախ հիացած բացականչում էր Լիլիթը: Արին ժպիտով հաստատում էր նրա ասածը:

            Բայց մի անգամ Լիլիթը խորամանկ ժպտաց ու հարցրեց.

            - Ո˜վ, Հայգ Արի՛, ասա ինձ, ես է՞լ  եմ գեղեցիկ այս գեղեցիկների մեջ:

            Արին դարձյալ ժպտաց: Լիլիթը չբավարարվեց Արիի ժպիտով և հարցը կրկնեց: Արին նայում էր Լիլիթին: Նրա աչքերի փոխարեն սիրավառ սիրտն էր կերտում Լիլիթի կերպարանքը, և շուրթերի փոխարեն սիրահարված պատանու սիրտը խոսեց.

            - Օ˜հ, դու գեղեցիկների թագուհին ես, դու զարդն ես Արարատի, դու աստվածային հրաշալիք ես, և քո գեղեցկությունը միայն Անմահ Աստվածուհուն է վայել:

            Շոյված էր Լիլիթը: Այդ խոսքերը հաճելի էին նրա ականջներին: ԵՎ այնուհետև Լիլիթը հաճախ էր նույն հարցը տալիս, հարկադրելով Արիին նորանոր ներբողներ ասելու իր գեղեցկության մասին: ԵՎ ինքն էլ էր համոզվում, որ ինքն է ամենագեղեցիկը ողջ Արարատում: ԵՎ ցանկացավ ինքն իր աչքերով տեսնել իր գեղեցկությունը:

            Արին Լիլիթին տարավ լեռնային մի պարզ լճի ափ, որի ջրերի վրա նազում էին ձյունափետուր կարապները:

            Լիլիթը ծնկի իջավ և ջրերի վրա տեսավ իր ցոլքը: Նա համոզվեց, որ հրաշալի, հրաբողբոջ գեղեցկություն է ինքը, սքանչացավ իրենով: Նա հիացած ու նորից հիացած նայում էր իր պատկերին ու չէր  հագենում:

            Կապույտ երկինքն իր արևով և Արարատյան դրախտից մի կտոր ցոլացած էին լճակի հայելու մեջ: ԵՎ տեսավ Լիլիթը, որ  արևը այնքան հրեղեն չէ, ինչքան իր աչքերի կրակը, և երկինքը այնքան խորունկ չէ, ինչքան իր աչքերի հունը: Ինքն է ամենակատարյալը, և լճակն ու Արարատը լցված են իր դեմքի լույսով: ԵՎ հենց այդ պահին նրա մեջ մեռավ սերը, ու անհագ գոռոզությունը իշխեց նրան: Նա ինքնագոհ ժպտում էր:

            Հանկարծ լճակի ջրերի վրա Լիլիթի պատկերին խառնվեց Արիի ցոլքը: Լիլիթը, որ իրենով հիանալու միջոցին մոռացել էր Արիին, հանկարծ զայրացած ոտքի  ելավ և աչքերի ցասկոտ հուրը վառեց նրա վրա:

            - Ի՞նչը վրդովեց քո քնքուշ հոգին,- զարմացած հարցրեց Արին:

            - Քո գռեհկությո՛ւնը, - վրդովված պատասխանեց Լիլիթը,- դու երբեք չես կարող տեսնել ու գնահատել իմ գեղեցկությունը, թե չէ չէիր անպատվի այն, քո պատկերի ցոլքը խառնելով նրան:

            ԵՎ հասկացավ Արին, որ փոխվել է Լիլիթը, և մեռել է սերը նրա հոգու մեջ:

            - Դու գեղեցիկ ես, Լիլի՛թ, - ասաց վրդովված Արին, - բայց քո գեղեցկությունը քեզ չի պատկանում:  Քո գեղեցկությունը տեր ունի, և քո գեղեցկության տերը ես եմ:

            - Ես եմ ամենագեղեցիկը Արարատում, - ըմբոստացավ գոռոզ Լիլիթը, - և ամենը, ինչ որ կան, իմ գեղեցկությունը ընդգծելու համար են ծառայում:  Ես եմ ամենակատարյալը և ես եմ բոլոր գեղեցիկների տիրուհին:  ԵՎ դու էլ պիտի երկրպագես իմ գեղեցկությանը:

            ԵՎ Լիլիթն իր տիրական հրե հայացքով փորձեց ընկճել Արիին, բայց բախվեց Արիի աչքերի արևային հրավառությանը:  Սարսափեց Լիլիթը:  Նա զգաց, որ մի ահավոր ուժ է կուտակված Արիի աչքերի մեջ, և որ այդ ուժով Արին կսանձահարի իր գոռոզությունը և իր պատրանքները կփշրի հնազանդեցման հրե աքցանի մեջ:

            ԵՎ փախավ Լիլիթը, փախավ Արիի ուժից սարսափած, փրկելու համար իր գեղանի կատարելության պատրանքը:

            Երկար, շատ երկար վազում էր Լիլիթը, և իր ճամփին անխնա տրորում էր ծաղիկներն ու ջարդոտում ծառերը:  Նա այլևս չէր նկատում դրանց գեղեցկությունը և չէր ափսոսում դրանց:  ԵՎ Լիլիթն ընկավ խավարի տիրապետություն, ուր ամեն ինչ գորշ էր ու մռայլ, և Վիշապն էր տիրակալ այդ բոլորին:

            - Չքնաղ Լիլի՛թ, - լսեց նա Վիշապի ձայնը, - իմ թագավորության մեջ միայն քո գեղեցկությունը կգնահատվի քեզ արժանի խնկարկումով:

            Խիստ շոյվեց Լիլիթի ինքնասիրությունը, և նա հետևեց Վիշապին:  Վիշապը նրան տարավ Տիտանի մոտ և դիմելով Տիտանին, ասաց.

            - Ահա քեզ ընկեր` գեղեցիկ Լիլիթը:  Իրար  աչքերի մեջ տեսեք ձեր պատկերները և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց:  Աճեցեք ու բազմացեք:  ԵՎ դու, Տիտան, որ տերն ես այս անապատի, քո բոլոր օրերիդ մեջ հետևիր Լիլիթին, քանզի Լիլիթը տիրուհին է քո:

             Լիլիթը ուշի ուշով նայեց Տիտանին, և կավի  հոտը խփեց իր քթին:  ԵՎ նա զգաց, որ Տիտանի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի և ուսերի վրա:

            Տիտանը զգաց, որ իր սիրտը կապվեց Լիլիթին` անբաժան ու անմեկին:  ԵՎ նա քնքշորեն բռնելով Լիլիթի ձեռքը, ասաց.

            - Օ˜, չքնաղդ բոլոր չքնաղների մեջ, այս թագավորության մեջ ամեն ինչ ծառայելու է քո գեղեցկությանը:  Դու տիրուհին ես իմ և ամբողջ խավարի թագավորության:

            Բավարարված էր Լիլիթի փառասիրությունը` նա տիրուհի էր, թեկուզ խավարի:

            Փուշ ու տատասկ խոնարհվում էին նրա գեղեցկության առջև:  Օձ ու կարիճ սվսվալով նրա գեղեցկության գովքն էին հյուսում:  Իսկ Տիտանը մեծագույն հավատարմությամբ ծառայում էր նրան, հետևում նրան ամենուր:

            Բայց Տիտանի կավաբույր շունչը ճնշում էր Լիլիթին:  ԵՎ Լիլիթը տհաճ զգացումով ցնցվում էր Տիտանի ամեն մի հպումից:  ԵՎ նույնիսկ ադամանդների ու գոհարների շլացուցիչ փայլը չէր կարողանում մեղմել այն խորշանքը, որ նա զգում էր Տիտանի գրկում:  Իսկ տիրուհու այնքան բաղձալի վիճակը այլևս ծանր բեռի պես ճնշում էր նրան:

            Զղջումի փոթորիկն էր ալեկոծում նրա հոգին. ՙՄի՞թե լույսի սպասուհի լինելն ավելի հաճելի չէր, քան խավարի տիրուհի լինելը. մի՞թե Երկրային Աստված Արիին հնազանդվելը ավելի հաճելի չէր, քան կավաբույր Տիտանին հնազանդեցնելը՚:  ԵՎ զղջումի արցունքները հոսում էին նրա աչքերից:

            Տիտանը զգում էր, որ իր անմնացորդ նվիրումը չի արժանանում Լիլիթի ամենաթույլ ժպիտին անգամ և զգում էր, որ Լիլիթը իրենը չէ:  ԵՎ դա հուսահատեցում էր նրան:

            ԵՎ մի գիշեր հանկարծ գալարվեց Լիլիթը` ազատելով իրեն Տիտանի հյուծող համբույրներից, ցատկեց, թռավ նրա տաղավարից դուրս և անհետացավ գիշերային բավիղների մեջ:  Նա այլևս չվերադարձավ:

            Անհույս էր Տիտանի հոգին, նզովելով աստված և անմահություն` մահ էր տենչում:  Վիշապը խղճաց Տիտանին, հասկացավ, որ Լիլիթը փախել է անդարձ:  ԵՎ Արարչի կամքով, նա թմրություն բերեց Տիտանի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր` Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Տիտանին, կարողանա սիրել միայն նրան և բազմացնի Չարի Տիտանի ցեղը:

            Իսկ Լիլիթը վերադարձավ Արարատ և անմիջապես տեսավ այն շլացուցիչ գեղեցկությունը, որ փթթում էր Արարատում:  Նա եկավ Արիի մոտ:

            Արին նստած էր, հենված Կենաց Ծառի բնին և խորասուզված էր իր վիրավորված զգացմունքների մեջ:  Լիլիթի հայտնվելը անսպասելի էր:  Արին լուռ նայում էր Լիլիթին և ոչինչ չէր խոսում:

            - Ո˜վ, Երկրային Աստվա՛ծ, - խոսեց Լիլիթը, և նրա ձայնի մեջ միախառնված էին զղջումն ու գոռոզությունը, - իմ գեղեցկությունը միայն քեզ է արժանի:

            Արին լուռ բռնեց Լիլիթի ձեռքից ու տարավ նույն լեռնային լճակի մոտ, ուր տարել էր մի ժամանակ:  Լիլիթը կռացավ, նայեց լճի ջրերին և սարսափեց. ջրերի մեջ արտացոլվում էր իր պատկերը:  Բայց մի օտարոտի կերպար էր դա` խամրած աչքերով, կապտած շուրթերով:  Անհետացել էր նրա երբեմնի գեղեցկությունը, որի ցոլքը ընկել էր ջրի վրա:  Վշտացավ Լիլիթը:

            - Այս ի՞նչ է պատահել ինձ, - հարցրեց նա, - չէ՞ որ  ես հրեղեն եմ:

            Արին հեգնորեն ժպտաց և ասաց.

            - Այո, դու հրեղեն էիր:  Բայց հուրը սիրով է բոցավառվում:  Քո հուրը մարեց հենց այստեղ այն ժամանակ, երբ քո մեջ մեռավ սերը, և գոռոզությունն ու փառասիրությունը հանգցրին քո հուրը:

            Լիլիթը ամոթահար ծածկեց երեսը ու փախավ:  Նա փախավ լեռները, ամաչելով երևալ նույնիսկ կենդանիներին:  Նա մեծ վիշտ էր ապրում, նա զղջում էր իր արածը, և այդ զղջումը նրա մեջ ձևավորում էր անհանդուրժողականություն ամեն մի գեղեցիկի նկատմամբ:

Կարգավիճակ: ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 234
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz