ԼՈՒՍՆԹԱԳԻ (Հինգշաբթի), 19.10.2017, 10:03


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆԱՑ ՊՏՈՒՂԸ

              Երանության մեջ էին Արին ու Արփին: Ձեռք ձեռքի տված զբոսնում էին Արարատի սքանչելի բնության մեջ, վազվզում էին դաշտերով, լողանում լեռնային գետակների մեջ: Պատանեկան լուսե սիրով էին սիրում իրար. հովի պես քնքուշ էր նրանց սերը, հողմի պես փոթորկող, արևի պես ջերմ, ջրի պես մաքուր, երկնի պես անկիրք: ԵՎ նույնիսկ իրենց մերկությունը չէին զգում նրանք: Երկյուղում էին նայել իրար աչքերի մեջ, երկյուղում էին դիպչել, անգամ, իրար: Մեկը մյուսի զգացմունքների  մեջ մի եթերային էակ էր, որ կարող էր հանկարծ գոլորշիանալ, անէանալ անդարձ: ԵՎ մեծագույն երկյուղածությամբ պահպանում էին իրար:

            Նրանց սիրով հիանում էր Աստղիկ Դիցուհին և հովանավորում էր նրանց սերը:      Աստվածամայր Անահիտը իր մոտ կանչեց Աստղիկին և ասաց.

            - Արիի և Արփիի եթերային սերը շատ գեղեցիկ է, մաքուր, բայց անցողիկ է այն: Դու պիտի ապահովես նրանց սիրո հավերժումը:

            - Մի՞թե այս սերը հավերժական չէ,- զարմացավ Աստղիկը:

            ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.

            - Երկրային աստվածները ժամանակի ազդեցությունն ունեն իրենց վրա: Եթերային սերը պատանեկության մենաշնորհն է. պատանեկության գարունն է և գարնան պես լուսաշող է, փոթորկող և անկիրք: Բայց գարնան հետ կանցնի այդ սերը, եթե այն չվերաճի պտղաբերումի սիրո: Պտղաբերումի սերն արտահայտվում է սերնդատվությամբ և փոխանցվում է նրանց զավակների միջոցով: Դա է սիրո հավերժումը:

            - Մա՛յր,- ասաց Աստղիկը,- իսկ ինչպե՞ս ապահովեմ նրանց սիրո հավերժումը:

            ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.

            - Հենց որ նրանք ամաչեն իրենց մերկությունից, այն կծածկեն: ԵՎ հենց այդ պահից նրանք կերազեն դիմացինի մերկությունը և կձգտեն իրար:

            ԵՎ Աստղիկը հարցրեց.     

            - Ասա ինձ, Մա՛յր, իսկ ինչպե՞ս նրանք զգան իրենց մերկությունը:

            ԵՎ Աստվածամայր Անահիտը ասաց.

            - Նրանք պիտի ճաշակեն կենաց պտուղը: Դա աստվածային սիրո հավերժական ծիրն է, որի սերմը ինքը՝ Հայր Արան է գցել Արարատի հողի մեջ:

            Աստղիկը հայտնվեց Արփիին և ասաց.

            - Ո˜վ, չքնաղ քույրի՛կս, եթե ուզում ես հավերժացնել ձեր սերը, ապա պիտի կատարես իմ պատվերը, որ Մայր Անահիտից է գալիս: Գտիր կենաց պտուղը և այդ պտուղի կեսը դու ճաշակիր, մյուս կեսը տուր Արիին ճաշակելու:

            - Ո˜վ, Դիցուհի՛,- ասաց Արփին,- սուրբ է ինձ համար Մայր Անահիտի կամքը, բայց ասա ինձ, թե Արարատի ամենաբազմազան պտուղների մեջ ինչպե՞ս գտնեմ կենաց պտուղը:

            ԵՎ Աստղիկն ասաց.

            - Դա միակ պտուղն է, որ ձեռքով կիսվում է երկու հավասար մասերի:

            Ասաց Աստղիկը և անհետացավ: Իսկ Արփին սկսեց որոնել կենաց պտուղը: Նա Արիին ոչինչ չէր ասում և Արիի հետ զբոսնելիս, նա քաղում էր բազմազան պտուղներ և փորձում էր կիսել երկու հավասար մասերի: Չէին կիսվում: Հանկարծ մի փարթամ ծառի կատարին նա նկատեց արևագույն մի պտուղ:

            Արփիի խնդրանքով Արին բարձրացավ ծառ և պոկեց այդ միակ արևաթուշ պտուղը: Արփին ձեռքով հեշտությամբ կիսեց այն, և նրա ուրախության ճիչը զարմացրեց Արիին: Պտուղը կիսվեց երկու հավասար մասերի, և կորիզն անջատվելով, ընկավ գետին:

            - Ո˜վ, Արայի երկրային որդի՛,- ասաց Արփին,- սա կենաց պտուղն է: Մայր Անահիտի կամքով մենք պետք է ճաշակենք այն, որ մեր սերը հավերժանա:

            Նա մի կեսը տվեց Արիին, իսկ մյուս կեսը դրեց իր բերանը: ԵՎ հանկարծ Արփին կարծես սթափվեց խոր թմբիրից, նայեց Արիին, նայեց ինքն իրեն, զգաց իր և Արիի մերկությունը, ամաչեց ու փախավ, թաքնվեց թփերի մեջ:

            Զարմացած էր Արին, ոչինչ չէր հասկանում: ԵՎ Արփին կանչեց թփերի միջից.

            - Ճաշակի՛ր պտուղի այդ կեսը, ճաշակի՛ր, թե չէ հավիտյան կկորցնես ինձ: Ճաշակի՛ր և մենք երջանիկ կլինենք:

            Արին ճաշակեց պտուղի իր բաժինը: ԵՎ հանկարծ զգաց իր մերկությունը, ամաչեց ու փախավ: Նա թափառում էր ծառաստաններում, չհամարձակվելով երևալ Արփիին իր մերկությամբ: Նա կանգ առավ մի թզենու առջև, որը լայն և հաստ տերևներ ուներ: Պոկեց թզի մի տերև ու ծածկեց իր ամոթը:

            - Այսպես լավ է,- մտածեց նա և ուրախացավ:

            Մի տերև էլ պոկեց ու տարավ Արփիին: Արփին էլ իր ամոթը ծածկեց թզի տերևով և դուրս եկավ թփերի միջից:

            Նայեցին իրար Արին ու Արփին, տեսան իրար այնքան իրական և այնքան ձգող... ԵՎ սիրո հավերժումը հաստատվեց նրանց մեջ սերնդատվությամբ: ԵՎ նրանց սերնդատվությունը հովանավորում էր Աստվածամայր Անահիտը:

            Իսկ կենաց պտուղը կոչվեց Ծիրան:

Կարգավիճակ: ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 238
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz