ԱՐԵԳԱԿԻ (Կիրակի), 17.12.2017, 10:58


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՈԻՂԵՐՋ
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒԴԸ
ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ
ԳԻՐՔ 1` ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ - ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ 3` ԱՎԵՏԱՐԱՆ
ԳԻՐՔ 4` ՁՈՆԱՐԱՆ
ԳԻՐՔ 5` ՎԵՀԱՐԱՆ
ԳԻՐՔ 6` ՊԱՏԳԱՄԱՐԱՆ
ԳԻՐՔ 7` ՀԻՄՆԵՐԳԱՐԱՆ
ԱՐՏԻ ՕՐԵՆՔԸ
ԳԱՐՈՒՆԸ, ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԳԱԼՈՒ Է
 ՈւԽՏԱԳԻՐՔ
Գլխավոր » ՈՒխտագիրք » ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՐՓԻՆ

              Մայր Անահիտը դիմեց Հայր Արային.

            - Ո˜վ, Մեծդ Արարի՛չ, քո Արի որդին սթափվել է արդեն խորտակված սիրո մղձավանջից:  Մի նոր կին կերտիր նրա համար, որ լինի ավելի գեղեցիկ, քան Լիլիթը, ավելի նազելի, ավելի հեզ և ավելի սիրող, քան Լիլիթը, որ կարողանա գրավել Արիի սիրտը և լինի նվիրված ու հնազանդ:

            ԵՎ Արան Աշխարհի բոլոր գեղեցիկներից կերտեց Արփիին՝ Արևից՝ վառ սեր, Լուսնյակից՝ թախիծ, աստղերից՝ ժպիտ, մաքրություն՝ Երկնից, հուզմունքը՝ Երկրից, նազանքը՝ հովից, հառաչը՝ հողմից, կարկաչը՝ առվից, անձրևից՝ արցունք, դաշտերից՝ հեզանք, լեռնից՝ հպարտանք:

            ԵՎ այդ գեղեցիկը իր հրաշագեղությամբ ու իր հեզությամբ շողարձակեց Արարատի աստվածային հրաշալիքների մեջ:  Ծափ տվեցին բոլոր ծաղիկները, սոխակները զմայլված գեղգեղում էին նրա շուրջը:  ԵՎ նույնիսկ Արևը կապույտ երկնքում սիրո համբույրներ էր հղում Արփիին իր ջերմ ճաճանչներով:  Միայն Լիլիթը, նախանձելով Արփիի գեղեցկությանը, չարանում էր նրա սիրո դեմ:

            Բոլորը սիրում էին Արփիին:  ԵՎ Արփին սիրում էր բոլորին ու ամենին հրաշք Արարատում:  Բայց ամենից շատ նա սիրում էր պատանի Արիին:  Իսկ Արին չէր նկատում նրան:

            Արին սարերն էր մագլցում, առյուծների հետ մրցասպարեզ էր ելնում, արծիվների համար բույն էր շինում լերկ ժայռերի կատարին և ապա մինչև լուսաբաց Աստվածների հետ խնջույք էր անում:  ԵՎ չէր նկատում Արփիին:  Նա չէր նկատում Արփիի գեղեցկությունը, թեև Արփին ամենուր հետևում էր նրան:

            Այրվում էր սիրուց գեղեցիկ Արփին:  ԵՎ Արիի սիրով աղոթք էր անում Սիրո Դիցուհուն, որ օգնի իրեն, որ Արիի հայացքը իր վրա ուղղի և սեր արթնացնի Արիի սրտում:

            Աստղիկը չքնաղ՝ Սիրո Դիցուհին, որ սեր էր վառել Արփիի սրտում, սիրում էր նրա սերը լուսափայլ՝ լույսի պես անկիրք, մաքուր և ազնիվ:  Աստղիկը եկավ Արփիի մոտ և ասաց.

            - Արին մինչև լուսաբաց Մասիսի վրա խնջույք է անում Աստվածների հետ, որից հետո գնում է Կապուտան լճի սառնորակ ու քաղցրահամ ջուրը խմելու և հագեցնելու իր ծարավը:  Ես Կապուտան լճի մեջ մի բուռ աղ կցանեմ:  Արին կխմի այդ աղի ջուրը և ավելի կծարավի:  Դու կուժով լեռնային առվակներից սառնորակ ջուր կբերես.  նա կխմի այդ ջուրը, կհագենա և կնկատի քո գեղեցկությունը:

            Այդպես էլ արեց:  Լիլիթը, որ հետևում էր այդ բոլորին, չհանդուրժեց Արփիի մոտալուտ երջանկությունը և որոշեց խանգարել նրան:  Նա մոտեցավ Արփիին և ասաց.

            - Գեղեցիկ Արփի՛, Արին շատ զորեղ է, նա Աստված է, թեև Երկրային. մի բուռ աղը մեծ լճի մեջ ի՞նչ պիտի անի նրան:  Մի բուռ աղ էլ դու լցրու այդ ջրի մեջ:

            ԵՎ Արփիի գլուխը մտավ Լիլիթի խորհուրդը:  Աստղիկից թաքուն մի բուռ աղ էլ ինքը լցրեց:  ԵՎ լճի ջուրը չափից ավելի աղի դարձավ:  ԵՎ երբ գիշերային խրախճանքից հետո Արին եկավ ու խմեց այդ ջուրը, սարսափելի այրոցք զգաց իր մեջ:  Նա խեղդվում էր ծարավից:

            Արփին կուժով սառը ջուր բերեց, բայց Արին չհագեցավ:  Արփին նորից ջուր բերեց, դարձյալ Արին չէր հագենում:  Նորից ու նորից Արփին վազում էր Արարատի մի ծայրից մյուսը՝ ջուր բերելու, բայց Արիի ծարավը ավելի ու ավելի էր սաստկանում:

            Արփին ուժասպառ ընկավ գետին և հուսահատ լաց եղավ:  Նա անիծում էր Լիլիթին և անիծում էր ինքն իրեն, որ լսեց նրա չար խորհուրդը:

            Աստղիկը լսեց նրա լացի ձայնը և անմիջապես եկավ նրա մոտ:  Նախ հանդիմանեց Արփիին, ապա բռնեց Արիի մի ձեռքից և պատվիրեց, որ Արփին բռնի մյուս ձեռքից:  ԵՎ տարան Արիին դեպի այն լեռները, ուր քսանութ սառնորակ գետակներ են սկիզբ առնում:

            Այդ գետակներն էլ չէին հագեցնում Արիի ծարավը:  Աստղիկը կանչեց ճարտարագետ Տիր Աստծուն:  Տիրը լեռների մեջ թմբեր կանգնեցրեց, որ մի տեղ կուտակվեն քսանութ գետակների ջրերը:  Բայց որպեսզի ջուրը չնեխի անշարժությունից, նա մի անցք թողեց, որ ջուրը մշտապես հոսի:  Այդպես գոյացավ լեռնային մի լիճ՝ քաղցրահամ ու սառնորակ ջրով և կոչվեց Սևան:  Իսկ Կապուտանն այսուհետև ունեցավ շատ աղի ջուր:

            Արին լճից սառը ջուրը խմեց ու հագեցավ:  Բարձրացրեց գլուխը և նայեց Արփիին:

            - Դու այրեցիր սիրտս աղով, դու էլ հանգցրիր իմ միջի կրակը այս սառնորակ ջրով, - ասաց Արին, - բայց մի նոր հրդեհ բորբոքեցիր իմ մեջ քո գեղեցկությամբ:  Ասա, ո՞ր աղբյուրը կարող է հանգցնել իմ այդ ներքին հրդեհը:

            Հենց այդ ժամանակ Լիլիթը աննկատ մոտեցավ Արփիին և շշնջաց ականջին.

            - Լուռ հեռացիր ու թաքնվիր նրանից, թող նա քեզ որոնի, որ շատ սիրի քեզ:

            Արփին անմիջապես մոռացավ Լիլիթի նախկին խարդավանքը, և նրա գլուխը մտավ այս նոր միտքը:  ԵՎ նա ոչինչ չպատասխանեց Արիին, ուսերը թոթվեց ու հեռացավ:

            Զարմացավ Արին, չհասկացավ Արփիի արարքը:  Իսկ նրա հոգու մեջ գամվել էր արդեն Արփին իր ամբողջ դաժան գեղեցկությամբ:  Նա օրերով որոնում էր Արփիին, բայց Արփին միշտ փախչում և թաքնվում էր նրանից:

            Արին վշտացած դիմեց Աստվածամայր Անահիտին:

            - Երբ ես անտարբեր էի Արփիի նկատմամբ ու չէի նկատում նրա գեղեցկությունը, նա ինքը հետապնդում էր ինձ:  Իսկ երբ ես սիրեցի նրան, նա փախչում է ինձանից և ստիպում է անհույս վազել նրա ետևից:

            ԵՎ Մայր Անահիտը ասաց.

            - Դա Լիլիթի բնույթն է:  ԵՎ այն ամենուր հետապնդում է Արփիին ու մշտապես խառնում նրա միտքը:  ԵՎ Լիլիթի բնույթը նրան դարձնում է թեթևամիտ ու քմահաճ:  ԵՎ նրա քմահաճությանը սահման չի լինելու:  Ինչքան շատ բավարարես նրա քմահաճույքները, այնքան դրանք ավելանալու են, և քո  անսահման սերը նա փաթաթելու է քո պարանոցին և դրանից բռնած, քեզ քարշ է տալու իր ետևից:  Թող երբեք նա չիմանա քո սիրո չափը:  Այնժամ նա ինքը կհետևի քեզ ու հնազանդ կլինի:  Այդպես նա կերջանկացնի քեզ և ինքն էլ երջանիկ կլինի:

            ԵՎ այնուհետև Արին մտովի որոնելով Արփիին, կարոտելով նրան, այրվելով սիրուց, բայց և այնպես չէր գնում Արփիի ետևից:  Սիրո զգացմունքի բուռն պահերին վազվզում էր Արարատով մեկ, խառնում էր իրար թռչուն և գազան, թաքուն երգեր էր հյուսում և Մասիսի լանջերին երգում էր իր սիրո ու կարոտի երգերը այնպես, որ միայն Աստվածները լսեն:

            Վշտացավ Արփին՝ Արին այլևս չէր որոնում իրեն:  Իսկ Լիլիթը շարունակ խրատում էր նրան.

            - Զսպի՛ր, մի քիչ է՛լ զսպիր:  Կկոտրվի նրա համառությունը, և նա կգա քեզ մոտ:

            ԵՎ զսպում էր Արփին, զսպում էր իր սերը, բայց Արին չէր գալիս:  ԵՎ Արիին կորցնելու սարսափը խցկվեց նրա հոգու մեջ:  Նա լաց էր լինում, անիծում էր Լիլիթին, անիծում էր ինքն իրեն, որ լսել է նրան և աղոթում էր Աստվածամայր Անահիտին:

            Զգացվեց Մայր Անահիտը, եկավ Արփիի մոտ:  Արփին ծնկի իջավ Անահիտի առջև և խնդրեց վերջ տալ իր տառապանքներին:

            Անահիտը մայրաբար խրատեց նրան.

            - Որքան դու հետևես Լիլիթի բնույթին, այնքան կտառապես ինքդ և նույնքան էլ տառապանք կպատճառես Արիին:  Գիտցի՛ր, որ Արարիչը քեզ բազմապիսի գեղեցկություններից է կերտել հենց Արիի համար:  Դու չես քո գեղեցկության տերը, դու չես քո սիրո տերը:  Արին է քո գեղեցկության ու սիրո տերը, Արին է քեզանից ծնված երեխաների տերը:  Ուրեմն Արին է քո տերը:  Այդպես է կամքը Հայր Արայի:  ԵՎ դու միշտ հետևիր Արիին, ու երբեք քո գոռոզությունը թող չիշխի քո սիրո վրա, որ Արիին է պատկանում:

            Արփին համոզվեց, որ չարիք է նյութում իր դեմ Լիլիթը և որոշեց այլևս երբեք չհետևել նրա բնույթին:  ԵՎ նա գնաց Արիի ետևից:  ԵՎ երբ Արին Սևանա լճից ջուր էր ուզում խմել, Արփին կանգնեց նրա մոտ, կուժը ձեռքին:

            - Ո˜վ, Երկրային Աստվա՛ծ, - դիմեց նա Արիին, - Հայր Արան ինձ կերտել է քեզ համար, և դու ես իմ տերը:  Թույլ տուր ես հագեցնեմ քո ծարավը իմ կուժի ջրով:

            Արին, որ իր հոգու մեջ մեծագույն բերկրանք էր զգում Արփիի տեսքից և ուզում էր թռչել ու փարվել նրան, այնուամենայնիվ, իր զորությամբ զսպեց իր մղումը և սառը ժպտաց.

            - Այս լճի ջուրը սառն է ու հաճելի, քո կուժի ջուրը արդեն տաքացել է և անհամ է:

            Լիլիթը աննկատ շշնջաց Արփիի ականջին. ՙՆա վիրավորում է քո սերը՚:

            ԵՎ վիրավորվեց Արփին:  Բայց անմիջապես հիշեց Մայր Անահիտի խրատը և ինքն իր մեջ ասաց. ՙՈւմի՞ց եմ վիրավորվում, իմ սիրո՞ւց, որ նրան է պատկանում՚:  ԵՎ խոնարհ ձայնով դիմեց Արիին.

            - Թույլ տուր կուժով ջուր վերցնեմ լճից և քեզ տամ:

            - Ո՛չ, - մերժեց Արին, - կուժն ի՞նչ է, որ պահպանի այս ջրի համը:

            Այն ժամանակ Արփին իր երկու ափերով ջուր վերցրեց լճից ու մոտեցրեց Արիի շուրթերին:  Արին ժպտաց և խմեց այդ ջուրը:

            ԵՎ այնուհետև Արփին ամենուր հետևում էր Արիին:

            Արփին երկրպագում էր Արիին ու երջանիկ էր իր հնազանդության մեջ:  Բայց և այնպես մի օր, երբ նրանք զբոսնում էին պուրակում, Արփին հարցրեց.

            - Ես գեղեցի՞կ եմ:

            ԵՎ հասկացավ Արին, որ սիրելով Արփիին, մշտապես պիտի պաշտպանի իր սերը Լիլիթի բնույթից, որը անվերջ հետապնդում էր Արփիին:

Կարգավիճակ: ԳԻՐՔ 2` ԾԱԳՈՒՄՆԱՐԱՆ - ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ | Ավելացրեց: Admin (20.08.2012)
Դիտումներ: 235
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz