ՀՐԱՏԻ (Երեքշաբթի), 19.09.2017, 14:48


Ո˜վ, Արի Հա´յ, ի՞նչ Չարի Աստված, երբ ի´նքդ ես աստված՝ Արայից սերված Արորդի´ ես դու, Աստվածամա´րդ ես դու
          FACEBOOK              
Մ Ե Ն Յ ՈՒ
Ց Ա Ն Կ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՈՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐ
ՄԱՄՈՒԼԸ ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ
ՄԵՀԵՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ
Օրացույց
«  Փետրվար 2016  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29
 
Գլխավոր » 2016 » Փետրվար » 9 » ՏՐՆԴԵԶ
22:22
ՏՐՆԴԵԶ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

                 Հազարամյակներ շարունակ, արի հայությունը Ամանորից քառասուն օր առաջ, Վահագնի սպասումով, ողջ Արարատ Աշխարհում խարույկներ է վառում, Տրնդեզ սարքում: Վահագնականչի տոն է Տրնդեզը: 

Արորդիների Ուխտը Տրնդեզը տոնելու է Կարմիր Բլուր բերդամրոցի սրբազան տարածքում փետրվարի 13-ին: Տոնածեսի սկիզբը` ժամը 13:00-ին:

Եկեք օծվենք Տրնդեզի կրակով՝ պատրաստվենք գարունն ու Վահագնի ծնունդը դիմավորելու:

 Փա՛ռք Վահագնին:

Փա՛ռք Արարչազարմ Հայոց ցեղին:

 Արորդիների Ուխտի Մեհենական Խորհուրդ:

ՏՐՆԴԵԶ

Մանը հավաքեց Արիներին և դիմեց նրանց.
- Սիրելի ազգակիցնե’ր, ես Վահագն Աստծուն եմ տեսել, Վահագնի մոտից եմ գալիս և Վահագնի աստվածային պատգամն եմ բերել ձեզ: Շուտով Աստվածային Երկունք է լինելու, և ապա գալու է Վահագնը, փրկելու մեր Ցեղը Վիշապի պիղծ ճիրաններից: Եկե’ք Արագած լեռան հազար ու մի գանձերը պեղենք և Աստվածային Երկունքի կրակով կռենք մեր զորության թուր-կեծակին: Գարնան առաջին Արևով կգա Վահագնը, կօծի մեր թուր-կեծակին, և մենք կհաղթենք Չարի Տիտաններին և կազատենք մեր Արարատը:
Սակային չլսեցին Արիները Մանին: Սկզբից բռունցք ճոճեցին վրան, հայհոյեցին, անհավատ և անհնազանդ անվանեցին: Հետո սկսեցին ծաղրել նրան, համարեցին խելագար ու հեռացան:
Մանը մնաց միայնակ: ԵՎ միայնակ գնաց գանձեր պեղելու: Փորում էր նա Արագածի կուրծքը: Նրա բրիչի հարվածները արձագանք էին տալիս լեռնաստանով մեկ: Նա շտապում էր` շուտով սկսվելու էր Աստվածային Երկունքը, և ինքը պետք է պատրաստ լիներ:
Մանի բրիչի հարվածները, արձագանք տալով, գրգռում էին կասկածամիտ Արիների հետաքրքրասիրությունը: Ամբոխը հավաքվում էր Մանի շուրջը: Ծաղրում էին նրան, հայհոյում, երբեմն նաև քարեր շպրտում նրա վրա: Բայց ամենին անհաղորդ, Մանը համառորեն շարունակում էր պեղել:
Մանի այդ ինքնավստահ համառությունը ճնշում էր ամբոխի վրա: Ամբոխը սսկվում էր: Հեգնանքը տեղի էր տալիս երկյուղալի զգուշավորության: Արիներն այլևս չէին ծաղրում Մանին, քար չէին նետում նրա վրա. մի ներքին երկյուղով նահանջում էին ու հեռվից դիտում էին Մանին, առանց հասկանալու, թե ինչ է անում: Միայն ներքին զգացողությամբ կռահում էին, որ մի շատ ահավոր բան է նյութում: ԵՎ որքան զգուշանում էին, այնքան նրանք ընկճվում էին Մանի զորության առջև:
Մանը իր մեջքը ուղղեց միայն այն ժամանակ, երբ պեղված հազար ու մի գանձերը բազմագույն ճառագում էին առավոտյան արևի տակ: Նա սրբեց ճակատի քրտինքը ու նայեց երկինք:
Հեռվում, շատ հեռվում կարծես մի կարմիր նուռ էր պայթել, և հյութը ծորում էր ներքև: Հասկացավ Մանը, որ Երկունքը սկսվում է: Նա դիմեց հավաքված ամբոխին, որ երկյուղից չէր հանդգնում մոտենալ նրան:
- Արինե’ր,- կանչեց Մանը,- նայե’ք երկինք, Աստվածային Երկունքն է սկսվում, մեր զորության արշալույսն է բացվում:
Արիները նայեցին երկինք և սարսափած վայնասուն բարձրացրին.
- Աստծո պատի˜ժն է սա, Մանի կատարած ահավոր մեղքի համար Վիշապ Աստվածը պատժում է բոլորիս. սա աշխարհի վե˜րջն է...
ԵՎ փախան Արիները, մտան տները, ամուր փակեցին դռներն ու լուսամուտները:
Դրսում սկսվել էր Աստվածային Երկունքը, իսկ տներում սարսափած Արիները խավարի մեջ հուսահատ աղոթում էին:
Աստվածային Երկունք էր:
Երկնի երկունքից, Երկրի երկունքից և ծիրանագույն ծովի երկունքից, ծիրանի ծովում եղեգն էր երկնում: Եղեգան փողից ծուխ էր ելանում, եղեգան փողից բոց էր ելանում` հուր աստվածային, երկինք էր ձգվում, հասնում արևին և միահյուսվում արևի բոցին: Արևը երկնից կրակ էր ցայտում ճաճանչների տեղ, բազում կայծակներ իրար էին խաչվում` հոշոտում երկնի կապույտը լազուր, որոտն էր ահեղ արձագանք տալիս աստղերից վերև: Երկունքի ցավից Երկիրն էր տնքում, հողն էր կտրատվում ուժգին ցնցումից ու Երկրի խորքից` հրաբուխ ժայթքում, և հուժկու ալիք ահեղ ոռնոցով գրոհում էին մայր ցամաքի վրա: Երկո˜ւնք էր, Երկո˜ւնք Աստվածային:
Սարսափած Արիները փակված էին տներում, ողբում էին աշխարհի վերջը, անիծում էին Մանին, անիծում էին Երկունքը, որպես չարագուշակ նախախնամություն: Ծնկի իջած, աղոթում էին Վիշապին, որ պատժի Մանին, ոչնչացնի նրան և փրկի իրենց:
Բայց անզոր էր Վիշապը Երկունքի զորությունը կանխելու: Վիշապը ինքն էր սարսափած ոռնում, իր մոտալուտ մահը կանխազգալով:
ԵՎ միայն Արի Մանն էր ողջունում Աստվածային Երկունքը: Նա վազեց ծովափ, եղեգան փողից ժայթքող աստվածային կրակով իր ջահը վառեց: ԵՎ ջահը ձեռքին շրջում էր տնե տուն, բախում էր դռները և կանչում.
- Հե˜յ, Արինե’ր, բացե’ք ձեր դռներն ու լուսամուտները, աշխարհի վերջը չէ սա, աշխարհի սկիզբն է: Վահա˜գն է ծնվում` փրկության Աստվա’ծ: Դո’ւրս եկեք, փայտե’ր դիզեք, խարույկնե’ր վառեք աստվածային կրակով, Տրնդե’զ սարքեք. թող աստվածային կրակով բացվեն ձեր աչքերը, թող ձեր սրտերը բոցկլտան այս կրակով: Օծվե’ք այս աստվածային կրակով և վերականգնե’ք ձեր մեջ աստվածային զորությունը:
Շատ քիչ դռներ բացվեցին: Միայն զորավորները հանդգնեցին նայել աստվածային կրակին: Խարույկներ սարքեցին ու վառեցին աստվածային կրակով: Այդ կրակը խփեց նրանց դեմքերին, և նրանց միջից բոլորովին չքացավ սարսափը, զորացան նրանք և իրենց աստվածներ զգացին: Պար էին բռնում տրնդեզված կրակի շուրջ, ձոներգեր էին հյուսում, փառաբանում էին Արային ու Վահագնին, իսկ ջահել հարսները, որ մայրանալու կարոտ ունեին, թռչում էին այդ աստվածային կրակի վրայով, օծելու համար իրենց արգանդը, որ իրենք էլ ծնեն Վահագնանման Արի զավակներ:
Իսկ Մանի ահեղ մուրճի հուժկու հարվածները արձագանքում էին ողջ Արարատում և Վիշապի գանգերի մեջ: Մանը հազար ու մի գանձերն էր հալեցնում տրնդեզված աստվածային կրակով և դարբնում էր իր թուր-կեծակին:
Շատ քիչ Արիներ` միայն նրանք, ովքեր օծվեցին տրնդեզված աստվածային կրակով ու զորացան, միայն նրանք միացան Մանին:
Քառասուն օր աստվածային կրակը տրնդեզված պահպանվում էր, և քառասուն օր իրենց աստվածայնությունը զգացած Արիները պարում ու երգում էին այդ կրակի շուրջը: ԵՎ քառասուն օր Արարատում զրնգում էին մուրճերի հարվածները` Արի Մանը մի խումբ զորացած Արիների հետ կռում էր փրկության աստվածային զենքը:

Հատված «Ուխտագիրք»-ից
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԻՑԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարգավիճակ: ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ | Դիտումներ: 242 | Ավելացրեց: Arordi
Copyright MyCorp © 2017
Մուտք


Օրվա նկար
 


Նկարներ


Օրվա նկար
 


Որոնում


Օրվա նկար
 


Վիճակագրություն

Ընդամենը OnLine 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0


Օրվա նկար
 


Бесплатный конструктор сайтов - uCoz